> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 15 февраля 2020 г.

ՆՈՐԱՎԱՆՔ, պատմություն, ավանդություններ՜




Նորավանք (Ամաղու Նորավանք), Հայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։

Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։
Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը:

Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։ Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։ Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում՝ «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»։ Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։ Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։ Իմանալով այդ՝ իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին։ Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:

Լուսանկարները` Արա Վատոլին Տիտանյանի: