> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 14 августа 2016 г.

"Դիլիջանի Խոսուն վկաները", կանգար 2, էքսկուրսիա մեկնում ենք 12, 13 րդ դդ կառույց Գոշավանք




Գոշավանք(նաև Նոր Գետիկ) - հայկական վանք է ՀայաստանիՏավուշի մարզիԳոշ գյուղում։
Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։
Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1191-1196 թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ Այն գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է՝ արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից՝ մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Եկեղեցու՝ ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Գավիթը (1197-1203 թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։
Սուրբ Աստվածածնից հարավ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231 թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հարավային պատին գրեթե կից է Սբ. Գրիգոր Լուսավորիչ թաղածածկ դահլիճ-եկեղեցին (1237-1241 թթ.), որը, չնայած փոքր չափերին, իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված համալիրի կառույցների շարքում։ Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտարապետական նոր բովանդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։
Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն-զանգակատունը։ Չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» գրատունը և արևմուտքից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը, ըստ Կիրակոս Գանձակեցու, կառուցվել է Մարտիրոս վանահոր օրոք, մինչև 1241 թ.-ը։ Հետագայում գրատան վրա կառուցվել է երկրորդ հարկը (1291 թ., ճարտարապետներ՝ Գրիգոր և Զաքիոս), որը խորանանման փոքր աղոթարաններով կառույց է։ Մուտքը արևմուտքից է, ուր բարձրանում էին երկու կողմից՝ անկյուն կազմող բարձակային քարե աստիճաններով։ Ժամատունը հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։
Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերն են (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության՝ խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291 թ.-ին։ Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը դուստրերի հետ գործել է Փրկչի և սրբերի պատկերներով վարագույր ու նվիրել վանքին։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ ովքեր այն տեսնում էին, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց այդպիսի «ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել...»։ Խորանի անկրկնելի վարագույրը պատրաստված է եղել այծի շատ փափուկ աղվամազից։ Բարեպաշտ Արզուխաթունը ոչ միայն Նոր Գետիկի, այլև Հաղպատի, Մակարավանքի ու Դադիվանքի եկեղեցիների համար էլ է պատրաստել վարագույրներ ու ծածկոցներ, քանի որ ըստ Գանձակեցու՝ «չափազանց սիրում էր եկեղեցիները»։
Գոշավանքին նվիրված ՀՀփոստային նամականիշ (2005)
Մխիթար Գոշի մահվանից հետո (1213 թ.) վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք։ Այն պատմական աղբյուրներում անվանվել է՝ վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։
Վանքից ոչ հեռու՝ գյուղի հարավային մասում, կան կառույցներ՝ Սբ. Գևորգ եռախորան գմբեթավոր փոքր եկեղեցին՝ կառուցված 1254-ին Խաչատուր վարդապետի և նրա եղբայր Բարսեղի կողմից, Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։
1958-ին հայոց մեծագույն վարդապետներից մեկի՝ Մխիթար Գոշի դամբարանի մոտ հուշակոթող է կանգնեցվել, այնուհետև 1972-ին բացվել է Գոշի թանգարանը և բարեկարգվել վանքի տարածքը։


Комментариев нет:

Отправить комментарий