вторник, 19 февраля 2013 г.
Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես է եկել իր ընտրողներին, թիմին եւ ամբողջ հասարակությանն ուղղված շնորհակալական խոսքով: Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը. «Այս ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել եւ ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, եւ հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին: Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարեւորությունը եւ համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, եւ ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել: Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը: Շնորհակալ եմ մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու եւ՛ իրավունքը, եւ՛ հնարավորությունները: Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, եւ դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները: Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետեւ ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, եւ մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը: Ես հպարտ եմ եւ հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, եւ մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր ժողովրդին: Շնորհակալ եմ»:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий